Հայաստանի կրթության նախարարը սփյուռքի ուսուցիչների հետ քննարկել է հայկական համայնքների խնդիրները
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը երկուշաբթի հանդիպել է սփյուռքահայ ուսուցիչների հետ, որոնք մասնակցում էին Երևանում անցկացվող ամենամյա վերապատրաստական դասընթացներին։
«Աշխարհի 11 երկրից ժամանած 30 ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների ընթացքը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունում։
Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Սփյուռքի միջև կրթության ոլորտում կապերի ամրապնդման խնդիրները՝ շոշափելով հայկական համայնքների խնդիրները։
Մկրտչյանը մտահոգություն է հայտնել սփյուռքում հայկական կրթօջախների նվազման կապակցությամբ՝ հատկապես կարևորելով հայ ուսուցիչների ազգապանվեր առաքելությունն արտասահմանում։
Նախարարը պատասխանել է ուսուցիչների հարցերին և լսել կրթական գործընթացի կազմակերպման տարբեր փուլերին վերաբերող նրանց առաջարկները։
Սփյուռքահայ ուսուցիչներին, մասնավորապես, հետաքրքրել է հայերենի՝ որպես օտար լեզու դասավանդման, դասագրքերի և ուսումնական նյութերի ձեռքբերման, մի շարք երկրներում հայագիտական բաժինների հիմնադրման, ինչպես նաև Հայաստանի բյուջեից դրանց հնարավոր ֆինանսավորման հետ կապված հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առանձին հայկական համայնքների համար կադրերի պատրաստման և այլ երկրներում բնակվող հայ դպրոցականներին Հայաստան բերելու խնդիրները։--0—