NASA-ն Արեգակի վրա գրանցված հզոր պայթյունի կադրեր է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 13-ին Արեգակի վրա տեղի ունեցած հզոր պայթյունը գրանցել են NASA աստղադիտարանի խցիկները: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ստացված լուսանկարների հիման վրա կատարած տեսագրությունը հրապարակվել է տիեզերական գործակալության կայքում:
Հրապարակած տեսագրության վրա երևում է, որ աստղի մակերևույթին ժայթքալեզու է հայտնվում, որն աստիճանաբար մարում է: Ժայթքալեզուները, ինչպես բացատրվում է տեսանյութի բնութագրության մեջ, գազի «անկայուն» ամպեր են, որոնք Արեգակի մակերևույթի վրա են պահվում մագնիսային դաշտերի օգնությամբ:
Պայթյունից հետո գազի ամպերը կրկին վերադառնում են Արեգակի մակերևույթ:
Պատկերներն ու տեսագրությունը ստացվել են երկու երկարությունների ուլտրամանուշակագույն ալիքների համադրության միջոցով: Քանի որ դրանք մարդու աչքի համար անտեսանելի են, դրանց հաճախ «ներկում են» կարմիր կամ բրոնզ գույներով: -0-