ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թե երբ է պատրաստվել առաջին կողպեքը, հաստատ հայտնի չէ։ Հավանաբար, մեր թվարկությունից 5000 տարի առաջ։
Դռան կողպեքի նախատիպը սովորական փականքն էր, որով կարելի էր փակել դուռը ներսից։ Բայց եթե մարդը ցանկանում էր պաշտպանել իր գույքը, պետք էր նաև դրսից փականք հարմարեցնել։ Իսկ որպեսզի այն չհաջողվեր պարզապես բացել, փականքը տեղավորում էին տուփի մեջ, որտեղ շարժական մասն ընկնում էր ակոսի մեջ` արգելափակելով դրա շարժունակությունը։ Ցցաձողը կարելի էր բարձրացնել միայն տուփի անցքի մեջ տեղադրած փայտե կամ ոսկրե բանալու միջոցով։
Այս սարքի կատարելագործված տեսակը դարձան երկու կամ ավելի փականներով մոդելները:
Մ.թ.ա. մոտ 2500 թ.-ին խեթերը սկսեցին տեղադրել կողպեքը ոչ թե դրսի, այլ տան ներսի կողմից: Բացի այդ, բանալիները սկսեցին պատրաստել մետաղից: Դա հնարավորություն տվեց ոչ միայն ավելի ամուր, այլ նաև` ավելի ճշգրիտ բանալիներ ստեղծել, գրում է
mjjm.ru կայքը։
Հունաստանում օգտագործվող կողպետքների անտիկ համակարգերը քիչ էին տարբերվում ժամանակակից հասարակ սարքերից. փականը տեղից շարժվում էր կեռ բանալին ակոսների մեջ ճիշտ պտտելու դեպքում։
Մ.թ.ա. առաջին դարում երկաթից և բրոնզից սկսեցին պատրաստել ոչ միայն բանալիներ, այլ նաև` կողպեքներ և փականքներ:
Փականքները սկսեցին ամրացնել մետաղական զսպանակներով այնպես, որ դրանք տեղաշարժել և կողպեքը բացել կարելի էր միայն ուժ գործադրելով բանալին պտտեցնելիս: Այն մասին, որ կողպեքները կիրառվում էին ոչ միայն սեփական պաշտպանության համար, վկայում են III դարում Քյուցինգի հռոմեական ամրոցից ոչ հեռու հայտնաբերված ձեռնաշղթաները, որենք ունեին կամարաձև կողպեք։
1778 թ.-ին Ռոբերտ Բարրոնը ստեղծեց կողպեք, որի լեզվիկը դուրս հանելու համար պետք էր բարձրացնել որոշակի բարձրության վրա միանգամից մի քանի բութակ:
1818 թ.-ին Ջերեմի Չաբը մի քանի անգամ ավելացրեց կողպեքը պահող բութակների թիվը` բարձրացնելով սարքի հուսալիությունը:
1848թ.-ին Լինուս Յեյլը ստեղծեց առաջին գլանաձև կողպեքը:
Բայց արդեն այդ ժամանակ` 19–րդ դարում, Կոստանդնուպոլսում ստեղծվել էր կողպեք, որը բացվում էր հայերեն տառերով ճիշտ գաղտնաբառը հավաքելու դեպքում։
Իսկ 1974 թվականին ամերիկյան հյուրանոցներից մեկում որպես բանալի առաջին անգամ օգտագործեցին մագնիսային քարտերը: -0-