ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կանոնավոր օգտագործման դեպքում գարեջուրը չափազանց բացասական ազդեցություն է գործում մարդու օրգանիզմի վրա, գրում է
ՏԱՍՍ–ը։ Այսպիսի եզրակացության են եկել Բռնոյի Տոմաշ Գարիգ Մասարիկի անվան համալսարանի չեխ գիտնականները։
«Գարեջրի պարբերաբար օգտագործելը հանգեցնում է ներքին օրգանների քայքաման և ծանր հիվանդություններ է առաջացնում»,– ասել է գիտահետազոտական նախագծի ղեկավար Պավել Գրասգրուբերը։
Ուսումնասիրության առարկա է դարձել չեխերի սննդակարգը, մասնավորապես` նախընտրելի կերակրատեսակները և ըմպելիքները։
Գրասգրուբերը բացասաբար է գնահատել չեխերի ազգային խոհանոցը, որտեղ գերակշռում է խոզի միսը, շոգեխաշած կաղամբը, կնեդլիկները (խաշած խմոր կամ կարտոֆիլ) և բարձր կալորիականություն ունեցող սոուսները։ Այդ բոլոր կերակրատեսակները հագեցած են ճարպերով, իսկ գարեջուրն ավելի է վատթարացնում բացասական ազդեցությունն աղիների վրա։
Ըստ մասնագետի, ծանր հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանափակել մսի, հացամթերքի և, ամենից առաջ, գարեջրի օգտագործումը։ -0-