Facebook–ը փոփոխություններ է կատարել լուրերի տարածման մեխանիզմում

29.08.2016, 17:21
Facebook սոցիալական ցանցը հայտարարել է թրենդինգի մեխանիզմի ավտոմատացման մասին, որի օգնությամբ ընտրվում են ցանցում առավել քննարկվող լուրերը։
Facebook–ը փոփոխություններ է կատարել լուրերի տարածման մեխանիզմում
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Facebook սոցիալական ցանցը հայտարարել է թրենդինգի մեխանիզմի ավտոմատացման մասին, որի օգնությամբ ընտրվում են ցանցում առավել քննարկվող լուրերը։ Դա արվել է նրա համար, որ նվազագույնի հասցվի մարդկային միջամտությունը գործընթացին և հնարավոր լինի խուսափել կողմնակալության մեղադրանքներից, հայտնում է telecom.arka.am պորտալը` հղում անելով Ինտերֆաքսին։

Բացի այդ, Ֆեյսբուքը հրաժարվում է ցանցի խմբագիրների տարածված հրապարակումների բնութագրություններից, ասվում է ընկերության հաղորդման մեջ։

Զգալի փոփոխությունների պատճառ է դարձել այս տարվա գարնանը բռնկված սկանդալը: Այդ ժամանակ Gizmodo հարթակը հայտնաբերել էր, որ Facebook-ի Trending Topics ենթաբաժնի աշխատակիցները, ովքեր հետևում են ամենաքննարկվող թեմաներին, պարբերաբար քողարկում էին որոշակի նորություններ` չնայած դրանց հանրաճանաչությանը: Օրինակ, թոփերի մեջ հազվադեպ էին հայտնվում ԱՄՆ-ում պահպանողական ակտիվիստների աշխատանքի մասին հաղորդագրությունները, ինչպես նաև Հանրապետական կուսակցության որոշ գործիչների, օրինակ` ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի գործունեության մասին հաղորդագրությունները:

Trending Topics-ի աշխատակիցները խոստովանել են, որ նորություններն ու պատմություններն ընտրելիս առաջնորդվել են սուբյեկտիվ չափանիշներով: Սակայն մինչ այժմ պարզ չէ` արդյո՞ք Facebook-ի ղեկավարությունը որևէ ազդեցություն ունեցել է վարկանիշային աղյուսակի կազմման վրա, թե ոչ:

Սոցիալական ցանցը հույս ունի, որ փոփոխությունները կընդլայնեն քննարկվող նորությունների բազմազանությունը, ինչը կօգնի նոր օգտատերեր գրավել: -0-