ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայում փաստաթուղթ է մշակվում, որի համաձայն` ՏՏ ոլորտի հսկաներին կթույլատրվի երկրում բացել սեփական ուսումնական հաստատությունները, հաղորդում է telecom.arka.am կայքը` հղում անելով life.ru-ին:
Մեծ Բրիտանիայի համալսարանական կրթական համակարգում սպասվող փոփոխություններին համապատասխան, Google-ի և Facebook-ի նման ընկերությունները իրավունք կստանան հիմնել սեփական գիտական հաստատությունները, որոնք կկարողանան շնորհել գիտական կոչումներ, գրում է The Next Web-ը:
Մեծ Բրիտանիայի Ձեռնարկատիրության, նորարարությունների և արհեստների նախարարության նոր փասըաթուղթը ուղղված է երկրում հետագա կրթության բարեփոխմանը, ինչը կներառի նաև ուսման վարձի բարձրացում` հաջորդ տարի նախատեսված գնաճին համապատասխան։
Բացի այդ, փաստաթղթում անդրադարձ է կատարվում բարեփոխումներին, որոնք ուղղված են համընդհանուր նորմերի շրջանակից դուրս գտնվող կրթական կենտրոնների ստեղծման խրախուսմանը: Այս ամենը պետք է օգնի ընկերություններին պատրաստել որակավորված աշխատակիցներ, ինչպես նաև հնարավորություն ստեղծել բարձրագույն կրթություն ստանալու համար։
Դեռևս հայտնի չէ` արդյոք կցանկանան Google-ը և Facebook-ը օգտվել ստեղծված հնարավորությունից: Կորպորացիաների ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս հարցը։ –0–