Այնշթայնը ճիշտ էր, Ամբողջի տեսությունը` սխալ. գիտնականներ

01.12.2018, 15:17
LIGO և Virgo կոլաբորացիայի մի խումբ գիտնականներ չեն գտել ձգողականության ալիքների «արտահոսքի» հատկանիշներ հիփոթետիկ հավելյալ չափումների պատճառով:
Այնշթայնը ճիշտ էր, Ամբողջի տեսությունը` սխալ. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. LIGO և Virgo կոլաբորացիայի մի խումբ գիտնականներ չեն գտել ձգողականության ալիքների «արտահոսքի» հատկանիշներ հիփոթետիկ հավելյալ չափումների պատճառով: Դա թույլ է տալիս հերքել մի շարք տեսություններ, այսինքն` Ամբողջի տեսության թեկնածու տեսությունները, որոնք ներառում են երկրի ձգողականությունը Ստանդարտ մոդելի մեջ:

Arxiv նախապրինտների տվյալների պահոցում հրապարակված նրանց աշխատանքի արդյունքները հաստատում են Այնշթայնի հարաբերականության ընդհանուր տեսությունը, հայտնում է lenta.ru-ն:

2017 թ. օգոստոսի 17-ին LIGO (Laser Interferometer Gravitational-Wave Observatory) և Virgo գրավիտացիոն տիեզերադիտարանների դետեկտորներն առաջին անգամ գրանցեցին երկու նեյտրոնային աստղերի միաձուլումից առաջացած GW170817 ազդանշանը: Աղետն առաջացրեց գրավիտացիոն ալիքներ և կիլոնային (աստղագիտական իրադարձություն), որն ուղեկցվում է գամմա ճառագայթման կարճ բռնկումով, օպտիկական և ինֆրակարմիր միջակայքում վառ բռնկմամբ և ռենտգենյան ու ռադիոճառագայթերում երկար հետլուսայնությամբ: Դիտարկումները թույլ տվեցին սահմանել խիստ սահմանափակումներ լույսի արագության և գրավիտացիոն ալիքների միջև, Լորենց-ձևափոխությունների խախտման և Շապիրոյի էֆեկտի` ձգողական դաշտում ժամանակում էլեկտրամագնիսային ազդանշանների ուշացման նկատմամբ:

Հարաբերականության ընդհանուր տեսությունում ձգողական ալիքների արագությունը հավասար է լույսի արագությանը, սակայն Ամբողջի տեսության դերին հավակնող ավելի էկզոտիկ մոդելները ենթադրում են, որ աղբյուրից հեռացված լինելուց կախված` գրավիտացիոն ալիքների տարածման վրա կարող են ազդել առանձնահատուկ էֆեկտներ: Օրինակ, ալիքները կարող են դիսպերսիայի ենթարկվել Լորենց-ձևափոխությունների խախտման պատճառով կամ թուլանալ հավելյալ չափումների առկայության պատճառով: Գրավիտացիոն «արտահոսքը»
(անգլ. gravitational leakage) կատարվում է քվանտային ձգողականության զանազան տեսությունների շրջանակում առաջարկվող ավելի բազմաչափ տարածությունում գրավիտոնների ներթափանցման պատճառով:

Քանի որ գրավիտացիոն «արտահոսքը» կախված է հավելյալ չափումների թվից, ապա ըստ ձգողական ալիքների ամպլիտուդի փոփոխության, կարելի է սահմանել այդ չափումների մոտավոր թիվը: Եթե վերջինները գոյություն ունեն, ապա գրավիտացիոն ալիքների միջոցով աղբյուրից սահմանված հեռավորությունը պետք է գերազանցի էլեկտրամագնիսային ռադիացիայի միջոցով սահմանված հեռավորությունը:

Որոշ էկզոտիկ մոդելների համաձայն, լույսն ու մատերիան կարող են տեղաշարժվել միայն չորս չափումներում: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ այս պահին առկա տվյալները համաձայնեցվում են Տիեզերքի քառաչափ մոդելի հետ:

Գիտնականներն ընդգծում են, որ լրացուցիչ չափումների և «մեծ հեռավորություններում անսպասելիորեն դրսևորվող գրավիտացիոն արտահոսքի» առկայություն ենթադրող որոշ մոդելներն առայժմ ամբողջությամբ չեն կարող հերքվել: Սակայն գրավիտացիոն դետեկտորների օգնությամբ ապագա դիտարկումները թույլ կտան դրանք ստուգել: -0-