ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Yahoo!–ն հայտարարել է Verizon Communications հեռահաղորդակցական հոլդինգին հիմնական բիզնեսի վաճառքի գործարքի ավարտի մասին։ Հունիսի 16–ից ընկերությունը վերանվանվել է և կոչվում է Altaba Inc.։
Հունիսի 19–ից ընկերության բաժնետոմսերը կշրջանառվեն Nasdaq բորսայում։ Yahoo!–ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը կհեռանա պաշտոնից` ստանալով 23 մլն դոլարի «ոսկե պարաշյուտ», հաղորդում է telecom.arka.am–ը` հղում անելով Vestifinance.ru–ին։
Verizon–ը Yahoo!–ի ձեռքբերման գործարքն ավարտել է 4,48 մլրդ դոլարով։ Գործարքից հետո ընկերությունը մասնաբաժին կպահպանի (15%) Alibaba Group Holding Limited–ում, ինչպես նաև 36%–ի մասնաբաժին` Yahoo! Japan Corporation–ում։
Հունիսի 16–ին Yahoo!–ի մնացած բաժինները վերանվանվել են և կոչվում են Altaba Inc., որը կղեկավարի 15% մասնաբաժինը Alibaba Group Holding Limited–ում, ինչպես նաև 36%–ը Yahoo! Japan Corporation–ում։ Verizon–ին փոխանցված ՏՏ հսկայի մասերը կմիավորվեն Oath նոր ապրանքանիշի ներքո, որում կներառվի նաև AOL–ը։
Загружается новость ...
"Право"
«Դա նշանակում է ապրանքանիշի ավարտ, որը ինտերնետի դարաշրջանի առաջամարտիկներից մեկն է», – գրում է New York Times–ը։
Oath–ի ստորաբաժանումները կներառեն HuffPost, TechCrunch, Yahoo! Finance, Tumblr ռեսուրսներն ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտի բիզնես լուծումները։ Միավորված ընկերությունները օգուտ կստանան Verizon–ի` բաժանորդների տվյալներից։ Այդ տեղեկատվության հաշվին գովազդատուներին, ովքեր այլընտրանք են փնտրում Google–ին և Facebook–ին, կառաջարկվի թիրախային լսարանի ընտրության և գնահատման բարելավված ծառայություն։
Oath–ը նախատեսում է կրճատել անձնակազմի մոտ 15%–ը կամ շուրջ 2100 մարդ 14 հազար աշխատակիցներից։ Կրճատումները հիմնականում կանդրադառնան ադմինիստրատիվ անձնակազմին ու կրկնվող բաժիններին և պաշտոններին։–0–