ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում շուտով հնարավոր կլինի իրականացնել ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, «Քաղցկեղով երեխաների բարեկամներ» ՀԿ–ի նախագահ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը։
Ոսկրածուծի փոխպատվաստումը բարդ բժշկական պրոցեդուրա է, որը հաճախ կիրառվում է ոսկրածուծի պաթոլոգիաների թերապիայի, արյան որոշ հիվանդությունների դեպքում։
Բադալյանի խոսքով` այս պահին ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդները ստիպված են դիմել օտարերկրյա կլինիկաներ, քանի որ Հայաստանում չկան նման հաստատություններ։
Միաժամանակ նա նշեց, որ արդեն այս տարի Հեմատոլոգիայի կենտրոնում նախատեսվում է ներդնել նման տեխնոլոգիաներ։
«Հաճախ ուռուցքային հիվանդությունների բուժման ժամանակ անհրաժեշտ է լինում իրականացնել ոսկրածուծի փոխպատվաստում, և ես հուսով եմ, որ Հեմատոլոգիայի ինստիտուտում ցողունային բջիջների փոխպատվաստման կաբինետի գործարկումից հետո մեզ կհաջողվի բարձրացնել բուժման արդյունավետությունը», – ասաց Բադալյանը։
Նա նշեց, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են իրականացվում պետության աջակցությամբ նոր բաժանմունքի կառուցման ուղղությամբ, և նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հեմատոլոգիայի կենտրոնում 2016 թ.–ին նախատեսվում է ավարտել հիմնական մասնաշենքի վերանորոգումն ու կառուցել նորը, որտեղ տեղակայված կլինի նոր ֆունկցիոնալ–ախտորոշիչ բաժանմունքումը, որտեղ կգործի ցողունային բջիջների լաբորատորիան և ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը։ Տարբեր օտարերկրյա դրամաշնորհային ծրագրերի հաշվին կենտրոնի շինարարության նպատակով նախատեսվում է հատկացնել 4,7 մլն դոլար, ևս 150 հազար դոլար նախատեսվում է տրամադրել մասնագետների վերապատրաստման համար։ –0–