«Զանգեզուրի միջանցք» խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին. վարչապետի խոսնակ

07.10.2025, 15:26
ՀՀ-ում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը
«Զանգեզուրի միջանցք» խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել ՀՀ տարածքին. վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են՝ Հայաստանի տարածքին առնչվում է TRIPP նախագիծը, հետեւաբար ՀՀ տարածքում որևէ այլ նախագիծ չկա և չի կարող լինել։ Այս մասին այսօր ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցմանը՝ մեկնաբանելու այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» տերմինը Գաբալայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության նիստում ասել է ՀՀ վարչապետի խոսնակ՝ Նազելի Բաղդասարյանը։

Հարցին, թե արդյոք այս թեման քննարկվել է Փաշինյանի և Ալիևի միջև Կոպենհագենում կայացած հանդիպման ժամանակ, Բաղդասարյանը հաստատեց, որ քննարկվել է։

«Մենք վերահաստատում ենք, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում»,-ասել է Բաղդասարյանը։

Կոպենհագենի հանդիպման մասին

2025 թ.-ի հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ի թիվս այլ հարցերի, հաստատել են իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ, քննարկել են Ադրբեջանում ենթակառուցվածքների զարգացումը և TRIPP նախագծի իրականացումը Հայաստանում, ինչպես նաև մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրականացման վերաբերյալ։