Ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահին իր տարածքով դեպի ՀՀ բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու համար. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան` Ղազախստանից հացահատիկ է ներմուծվում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Այս մասին այսօր «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ երեկ կատարած հայտարարությանը։
Նա նշել է, որ սա չափազանց կարևոր հայտարարություն է և իր գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահին այս քայլի առիթով։
Նա նշել է, որ 2023թ հոկտեմբերին «Մետաքսի ճանապարհ» համաժողովին ինքն անդրադարձել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի նախագծի առանցքային գաղափարը տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքով զարգացնելն էր ոչ միայն Վրաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այլև Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ` նրանց հետ սահմանի բացումով։
«Ուրախ եմ արձանագրել, որ այս առումով մենք մեծ հաջողություններ ունենք։ 2025թ.-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և աջակցությամբ Միացյալ Նահագների մայրաքաղաք Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահը և ես ընդունեցինք Խաղաղության հռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաև նախագահ Դոնալդ Թրամփը»,- նշել է վարչապետը։
Նա հիշատակել է հռչակագրի 2-րդ կետը, որում անդրադարձ կա տարածաշրջանի կապուղիներին։ Վարչապետի խոսքով` տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան` Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով դեպի Հայաստան հացահատիկ է ներմուծվում ։
«Մենք այժմ աշխատում ենք ԱՄՆ-ի հետ՝ այս համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ», - ասաց Փաշինյանը։
Փաշինյանն այս գործարքի համար իր գնահատանքի խոսքերն է ուղղել նաև Ղազախստանի նախագահ Ժոմարտ Տոկաևին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։

