ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմության կողմից առաջադրված՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նշել է ժամանակավոր կառվարարության առանցքային խնդիրները: Այս մասին նա հայտնել է Երևանի կենտրոնում անցկացվող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ:
Մանուկյանը թվարկել է ժամանակավոր կառավարության առաջնային խնդիրները:
«Առաջինը եռակողմ համաձայնագիրն է, մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը աշխատում է դե ֆակտո, և չենք կարող հրաժարվել դրանից: Դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, դա կնշանակի նաեւ խռովություն նաեւ ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Եվ հիմա «շնորհիվ» Նիկոլի ոչ մի լծակ չունենք, նույնիսկ Սոթքը չենք կարողանում պահել: Բայց այդ պայմանագիրը կազմված է բավականին փնթի, շատ բացթողումներով: Այնտեղ տասնյակ էջեր պետք է լինեին, թե դա ոնց է մեկնաբանվելու, եւ նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը դարձնի հօգուտ Հայաստանի»,- նշել է Մանուկյանը:
Երկրորդը կարևոր հարցը, Մանուկյանի խոսքով, անվտանգությունն է. պետք է նորից «վերականգնել մեր բանակը, մեր մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ»:
«Անվտանգության հարցի մեջ մտնում են նաև մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս տարածաշրջանում դու Ռուսաստանի հետ չես կապված, ուրեմն մնում է Թուրքիան: Ռուսաստանի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի ընդհանուր շահ: Բոլոր այն մարդիկ, որոնք հիմա ասում են՝ գնանք թուրքերի հետ խոսենք, Ռուսաստանի հետ չխոսենք, նրանք ուզած, թե չուզած, կամա թե ակամա, ծառայում են թշնամու շահերին»,- նշել է նա:
«Եվ նորից պետք է վերականգնենք Մինսկի խմբի ձևաչափը, նորից պետք է մտնենք բանակցային պրոցեսի մեջ: Դա շատ կարևոր է»,- նշել է Վազգեն Մանուկյանը:
«Երրորդ կարևոր հարցը մեր անհայտ կորածներն են, գերիները, վիրավորները, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու հարցը, այն փախստականների հարցը, որոնք մեր մեղքով հայտնվեցին Հայաստանում որպես փախստական»,- նշել է նա:
Նաև, նրա խոսքով, այսօր շատ կարևոր հարց է Հայաստանի մթնոլորտի առողջացումը:
«Դա միայն այն չէ, որ «եկեք իրար հետ ավելի բարի լինենք»: Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Իրենք մեր ժողովրդի միջոցով 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք: Պետք է մաքրել այդ դաշտը»,- նշել է նա:
Մանուկյանի խոսքով, հիմա գլխավոր խոչնդոտներից մեկը Նիկոլ Փաշինյանն է:
«Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»,- նշել է Մանուկյանը: -0-