Ցուցարարները նստացույց են սկսել Երևանում Իրանի դեսպանատան առջև. կան ձերբակալվածներ
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։
Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս:
Ցուցարարները նստացույց են սկսել։ Ոստիկանությունը կոչ է արել նրանց դադարեցնել բողոքի ակցիան դեսպանատան առջև՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում կկիրառվեն ուժ և հատուկ միջոցներ։
Երևանում ցուցարարները պահանջում են դադարեցնել Իրանում արյունահեղությունը և կրոնական առաջնորդների հրաժարականը։
Ավելի վաղ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին իր դժգոհությունն էր հայտնել վերջին օրերին Երևանում Իրանի դեսպանատան շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիաների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Թեհրանում «ձևավորվում է այնպիսի պատկերացում, թե Հայաստանը վերածվում է Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոնի»։

