TRIPP նախագիծը լոկալ նշանակության տրանսպորտային հանգույց չէ, այստեղ 3 շերտ եմ տեսնում․ Միրզոյան

14.01.2026, 11:05
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ անդրադարձել է TRIPP նախագծին և հայտնել, որ նախագիծը լոկալ նշանակության տրանսպորտային հանգույց չէ՝ ընդգծելով, որ ինքն այնտեղ 3 շերտ է տեսնում
TRIPP նախագիծը լոկալ նշանակության տրանսպորտային հանգույց չէ, այստեղ 3 շերտ եմ տեսնում․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ անդրադարձել է TRIPP նախագծին և հայտնել, որ նախագիծը լոկալ նշանակության տրանսպորտային հանգույց չէ՝ ընդգծելով, որ ինքն այնտեղ 3 շերտ է տեսնում։

Առաջին շերտը, ըստ Միրզոյանի, երրորդ երկիր-երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական՝ Կենտրոնական Ասիա-ԵՄ կապը TRIPP-ի միջոցով, երկրորդը՝ Նախիջևան ու Ադրբեջան փոխկապակցվածությունը, իսկ երրորդը՝ Հայաստան ու երրորդ երկրներ փոխկապակցվածությունը 2 ուղղություններով՝ ՀՀ-Կենտրոնական Ասիա և ՀՀ-Արևմուտք։

Նրա խոսքով՝ այս փաստաթուղթը նորից արտացոլում է այդ ընկալումը։

Նշենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի` հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Նշենք նաև, որ հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։

 TRIPP նախագծի մասին 

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։

Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։