Թաթոյանը պաշտոնական նամակով հրավիրել է Փաշինյանին բանավեճի (ՖՈՏՈ)

28.11.2025, 11:39
Թաթոյանը պաշտոնական նամակ է հղել Փաշինյանին․ ՖՈՏՈ
Թաթոյանը պաշտոնական նամակով հրավիրել է Փաշինյանին բանավեճի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնական նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հրավիրել հունվարի 15–ին ժամը 19։00–ին մասնակցել ուղիղ եթերով բաց, հրապարակային բանավեճի:

«Հունվարի 15-ին` ժամը 19:00-ին, Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես հրավիրել եմ ուղիղ եթերով բաց, հրապարակային բանավեճի: Կարող է նաև ինքն առաջարկել հունվար ամսվա ընթացքում բանավեճի օր, ժամ, ինչպես նաև վայր: Նամակը նաև պաշտոնական մուտք կարվի Կառավարության աշխատակազմ», – գրել է Թաթոյանը Facebook–յան իր էջում։ 

Թաթոյանը Փաշինյանին առաջին անգամ բանավեճի էր հրավիրել նոյեմբերի 26-ին՝ նշելով ամսաթիվը՝ հունվարի 15-ը, և առաջարկելով վարչապետին ինքն ընտրել վայրը։ Նոյեմբերի 27-ին Փաշինյանը լրագրողներին հայտարարել է, որ ինքն ի սկզբանե ընդունել է բանավեճեր անցկացնելու հրավերը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որոնք ցանկություն ունեն մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Վարչապետի խոսքով՝ «մենք բանավեճեր կանցկացնենք խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում»։

Հերթական խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։