Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին հրապարակումները կեղծ են. վարչապետի խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Վերջին օրերին մի շարք միջազգային և տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում, տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ՝ Նազելի Բաղդասարյանը։
Նա պաշտոնապես հայտարարել է, որ նշված հրապարակումն ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։
«Հորդորում եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին և վերլուծական հարթակներին՝ զերծ մնալ նման ապատեղեկատվական նյութերի տարածումից, ստուգել տեղեկատվության հավաստիությունը և առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով»,-ասվում է վարչապետի մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ։

