Սկանդալային հայտարարությամբ հայտնի ԱԺ հանձնաժողովի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

21.01.2026, 14:48
ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հանձնաժղովի նախագահի պաշտոնից
Սկանդալային հայտարարությամբ հայտնի ԱԺ հանձնաժողովի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հանձնաժղովի նախագահի պաշտոնից։

Այս մասին Հունանյանը հայտնել է Facebook-ի իր էջում։

«Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց», - գրել է նա:

Հունանյանը նաև ներողություն է խնդրել վերջին շրջանում ԱԺ-ում հնչեցրած իր որոշ մտքերի համար, որոնք քննադատության են արժանացել մի շարք քաղաքացիների կողմից:

«Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը:

Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից:

Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք` պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ` օրինակ ծառայելով բոլորի համար», - գրել է պատգամավորը: 

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության վերաբերյալ քննարկման ժամանակ Հունանյանը պատասխանել էր ընդդիմադիր պատգամավորի՝ առողջապահության օրենսդրությունը կարգավորելու համար մասնագիտական հմտությունների անհրաժեշտության մասին հայտարարությանը՝ ասելով․ «Քանի՞ կոպեկ արժե ձեր բարձրագույն կրթությունը, եթե էժան է դաստիարակությունը»։

Նա նաև կասկածի տակ է դրել համապատասխան հանձնաժողովը ղեկավարելու համար մասնագիտացված բժշկական վերապատրաստման անհրաժեշտությունը։

Նշենք, որ հանձնաժողովի նախագահ ընտրվելուց ի վեր Հունանյանը բազմիցս կտրուկ հայտարարություններ է արել, որոնք առաջացրել են լայն հասարակական դժգոհություն են առաջացրել։