Ռուսաստանը հրաժարվել է արտահանձնել Միհրան Պողոսյանին

17.08.2019, 14:19
ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:

Ռուսաստանը հրաժարվել է արտահանձնել Միհրան Պողոսյանին
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնությունը մերժել է Միհրան Պողոսյանի հանձնումը Հայաստանին:

Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել, այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը` հղում անելով ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվությանը:
Ստացված տեղեկատվության համաձայն, մերժումը կատարվել է, հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է մամուլի խոսնակը, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել:

Загружается новость ... "Право"

Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ապրիլի 13–ին քննիչները Պողոսյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Ապրիլի 22-ին նա հայտնաբերվել է Ռուսաստանում, իսկ ապրիլի 23-ին 40 օրով կալանավորվել է:-0-