Ռոբերտ Քոչարյանը ռուսական «շպիոնի» կարգավիճակ ունեցող մարդ է ՀՀ–ում․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «շպիոնի» կարգավիճակ ունեցող մարդ է ՀՀ–ում, հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Դա իմ կարծիքն է, փաստեր չունեմ։ Ես քաղաքական գործիչ եմ և քաղաքական հայտարարություններ անելու ազատություն ունեմ։ Նա (Ռոբերտ Քոչարյանը, խմբ․) ռուսական շահերը հետապնդող և միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է։ Ես տեսնում եմ այն գործունեությունը, այն տեքստերը, և այն հայտարարությունները, որոնք արվում են իր կողմից (Ռոբերտ Քոչարյանի կողմից, խմբ․), և դա իմ քաղաքական գնահատականն է։ Երբ որ դու հայտարարություն ես անում, որը կատարյալ ձևով համընկնում է ռուսական հայտարարությունների հետ, երբ որ քո խմբակցության անդամները ելույթներ են ունենում, որոնք համընկնում են, ես կարող եմ նման հետևություններ անել», – ասաց Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա նաև նշեց, որ գաղտնիք չէ, որ Քոչարյանի կողմից սատարված և Քոչարյանին քաղաքական առաջնորդ համարող Գյումրիի քաղաքապետը հայտարարում է, որ ինքը տեսնում է Հայաստանը Ռուսոաստան–Բելառուս միութենական կազմի մեջ։
«Եվ սենց բազմաթիվ օրինակներ կան, որն ինձ թույլ է տալիս նման պնդում անել», – ասաց Սիմոնյանը։