ՌԴ–ի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելը չափազանց ցավոտ կետ է յուրաքանչյուր հայի համար. ռուս հրապարակախոս

27.10.2016, 17:42
Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը մեկնաբանել է ԵԱԶԲ ԻՀԿ-ի հետազոտությունը:
ՌԴ–ի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելը չափազանց ցավոտ կետ է յուրաքանչյուր հայի համար. ռուս հրապարակախոս
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը մեկնաբանել է ԵԱԶԲ ԻՀԿ-ի հետազոտությունը, համաձայն որի, 2016 թ.-ին Հայաստանում տեղի ունեցավ Ռուսաստանի բարեկամության ընկալման ցուցանիշների զգալի անկում`17 տ.կ.-ով:

Վերակառուցման և զարգացացման եվրոպական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը (ԵԱԶԲ ԻՀԿ)` «ԵԱԶԲ ինտեգրացիոն բարոմետրը», նախօրեին հետազոտություն է հրապարակել, որի համաձայն, Հայաստանում Ռուսաստանի բարեկամության ընկալման ցուցանիշի անկումը կազմել է 17 տ.կ.: Հետազոտության մեջ նշվում է, որ նախորդ տարիներին Հայաստանում այդ ցուցանիշը եղել է ամենաբարձրը: Այդպես, 2015 թ.-ին այն կազմել է 86 տոկոս, իսկ 2014 թ.-ին` 87 տոկոս:

«Դա ոչ թե սարսափեցնող, այլ աղետալի թիվ է: Մասնավորապես, որովհետև այդ փոփոխությունները տեղի են ունեցել շատ կարճ ժամանակահատվածում: Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է պարզել պատճառները, թե ինչու է այդպես տեղի ունեցել», - հինգշաբթի լրագրողներին ասաց Դվորնիկովը` «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում:

«Իհարկե, ես կարծում եմ, որ 17 կետերից 10-ին անձամբ արժանացել է Ռոգոզինն (ՌԴ փոխվարչապետ) ապրիլյան դեպքերի ժամանակ արած իր հայտարարությամբ: Բացի այդ, չափազանց բացասական գործոն է նաև այն, որ ռուսական հասարակությունը ընդհանուր առմամբ չի հասկանում այն իրողությունները, որ այստեղ կան, այն պահերի, գործոնների զգացմունքային ընկալումը, որ տեղի են ունենում այստեղ», - ասաց Դվորնիկովը:

Նա նշեց, որ, եթե Ռոգոզինի համար Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելու վերաբերյալ հայտարարությունը նրա քաղաքական կենսագրության և առօրյա կենցաղի մասն է, ապա նա, որպես քաղաքական գործիչ, պետք է հասկանա, որ դա չափազանց ցավալի կետ է ցանկացած հայի համար:

2016 թ.-ի գարնանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածության կտրուկ սրումից հետո, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Մոսկվան կշարունակի զենք վաճառել Բաքվին և Երևանին:

Բացի այդ, փորձագետի խոսքով, եղել են նաև այլ իրադարձություններ, որոնք բացասական ազդեցություն են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների վրա, մասնավորապես, հայ ձեռնարկատեր, բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորումը և տեղի ունեցածի պատճառի հասկանալի բացատրության բացակայությունը:

«Այստեղ մենք կրկին բախվում ենք մի իրավիճակի, երբ տեղեկատվական հոսքի համար պատասխանատու մարդիկ այդքան էլ չեն պատկերացնում, թե որքան զգայուն է տվյալ հարցը», - ընդգծեց Դվորնիկովը: -0-