ՌԴ դեսպանը բաց նամակ է հղել Պապիկյանին՝ կեղծ և սրբապիղծ անվանելով Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները

16.05.2025, 16:10
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված բաց նամակում անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին
ՌԴ դեսպանը բաց նամակ է հղել Պապիկյանին՝ կեղծ և սրբապիղծ անվանելով Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված բաց նամակում անդրադարձել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, ՀՀ ՊՆ նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին։

Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մասնավորապես, միֆ է անվանել պնդումներն այն մասին, որ Ստալինգրադի ճակատամարտը դարձել է Հայաստանի փրկությունը թուրքական ներխուժումից։

«Հայ ժողովրդի շրջանում Հաղթանակի օրվա նկատմամբ խորը հարգանքի ֆոնին, ՀՀ պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանի պատմականորեն կեղծ և սրբապիղծ հայտարարությունները՝ նացիստական ​​Գերմանիայի ագրեսիայի փաստացի արդարացմամբ, որոնք նա հնչեցրել էր այդ սուրբ օրը երկրի գլխավոր հեռուստաալիքով, լայն վրդովմունք են առաջացնում», - ասվում է դեսպանի նամակում։

Կոպիրկինն ընդգծել է, որ հատկապես ցավալի է լսել նման հայտարարություններ այն մարդու շուրթերից, ով ղեկավարում է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի ներկայիս հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի հայտնի հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Բաղրամյանի անունը։

«Դժվար է նման արարքը գնահատել որպես որևէ այլ բան, քան մեր հերոսական նախնիների հիշատակը պղծելու փորձ, ովքեր կանխել են Հիտլերի՝ ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փրկել են մարդկությանը «շագանակագույն ժանտախտից», - նշել է դիվանագետը։