ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԱԴԿ մամուլի ծառայությունը մեկնաբանություններ է ներկայացրել Հայաստանի մասին իր առաջնորդի խոսքերի վերաբերյալ, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել Հայաստանում։
Ժիրինովսկին, ելույթ ունենալով Լայֆի «Առաջ» հաղորդման եթերում, ասել է, որ Երևանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից, հակառակ դեպքում Հայաստանի վերջը կգա։ «... Եվ թքած ունենք Հայաստանի վրա։ Ի՞նչ է Հայաստանը մարդկանց համար»,– ասել է ՌԱԴԿ առաջնորդը։
Հասարակական գործիչ Յուրի Նավոյանը նամակ է հղել ՌԱԴԿ առաջնորդին և ՌԴ Պետդումայի ՌԱԴԿ խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն Հայաստանի մասին իր արած արտահայտությունների առիթով։ Կուսակցության մամուլի ծառայությունը հանդես է եկել մեկնաբանությամբ։
«Հարգելի գործընկերներ։ Մեզ հայտնի է դարձել, որ Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու տված հարցազրույցը ռուսական ԶԼՄ–ներից մեկին։ Մասնավորապես, նրա արձագանքը Հայաստանում ՊՊԾ գնդի գրավմանը։ Հայտնում ենք, որ Վ.Վ.Ժիրինովսկու խոսքերը բացարձակ սխալ են մեկնաբանբել և ներկայացվել են համատեքստից դուրս։ «Թքած ունենք» խոսքը չէր վերաբերում Հայաստանին կամ հայ ժողովրդին, այլ այն իրավիճակին, որն անմիջականորեն կապված էր տվյալ իրավիճակի հետ»,– ասվում է ՌԱԴԿ մամուլի ծառայության պատասխանում։
«ՌԱԴԿ–ն և Վլադիմիր Ժիրինովսկին 25 տարի սատարում են Մոսկվայի հայկական համայնքի և Հայաստանի բոլոր նախաձեռնություններին։ Եվ այդ դիրքորոշումը չի փոխվել։ Մենք շարունակում ենք օժանդակել Հայաստանին պատմական, աշխարհաքաղաքական, ազգային, մշակութային բնույթի բոլոր հարցերում»,– նշել են կուսակցությունում։
ՌԱԴԿ–ում խնդրել են այս պահը թյուրիմացություն համարել, որը համատեքստի աղավաղման հետևանք է։
«Եթե ինչ–որ մեկը սխալ է հասկացել Վլադիմիր Ժիրինովսկու առանձին խոսքերը, ապա ևս մեկ անգամ ընդգծենք` դրանք չեն վերաբերում ոչ Հայաստանին, ոչ հայերին, ոչ հայկական մշակույթին։ ... Ամեն դեպքում, մենք ափսոսանք ենք հայտնում, որ առանձին խոսքերը սխալ են ընկալվել և հույս ունենք, որ այդ թյուրիմացությունը թույլ չի տա մոռանալ այն ավանդը, որն ունի ՌԱԴԿ–ն ռուս–հայկական հարաբերությունների ամրապնդման գործում»,– ընդգծվում է մեկնաբանությունում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում