ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն Արցախում իրադրությունը խաղաղ հունի մեջ վերադարձնելու, ոչ թե դրա մեջ ներդրված ջանքերի վրա խաչ քաշելու համար, հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այս խոսքերը նա հնչեցրել է ի պատասխան նոյեմբերի 9-ին Արցախի շուրջ եռակողմ հայտարարության համատեքստում այսօր Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից հնչեցված հակահայկական, այլատյաց հայտարարությունները գնահատելու խնդրանքին: Այսպես, Բաքվում այսօր անցկացվող շքերթի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Երևանը, Զանգեզուրը և Սևանը Ադրբեջանի պատմական հողերն են», իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշատակել է Էնվեր փաշային (Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին):
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Զախարովան, Ռուսաստանը հաշվի է նստում այն իրողության հետ, որ տարածաշրջանում իրավիճակը ծանր է, շատ ջանքեր են գործադրվել այն խաղաղ հունի մեջ վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու և փախստականների վերադարձի բարդ գործընթացը սկսելու, ենթակառուցվածքները վերականգնելու համար, ինչպես նաև այս տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքի կարգավորման նախադրյալների և պայմանների ստեղծման համար:
«Սա չափազանց քրտնաջան աշխատանք է, և մենք կարծում ենք, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն այդ գործըթնացներին: Շատ ջանքեր են գործադրվել և մեծ ուժ է ներդրվել դրա մեջ և եկեք հիշենք, որ շատ կյանքեր են զոհաբերվել: Քաղաքական ոչ մի հայտարարություն չպետք է խաչ քաշի այդ ամենի վրա»,- նշել է նա: -0-