«Գիշերային գայլերը» կայցելեն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հայերի միությունից (ՌՀՄ) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատել են այն տեղեկությունը, որ «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները կայցելեն Հայաստանի և Արցախի Հանրապետություն։
«Գիշերային գայլերը» ՌՀՄ–ի շրջանակում ստեղծված մոտոխմբի հետ Հայաստան կժամանեն հուլիսի 31–ին։ Նրանք մտադիր են այցելել Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, այնուհետև մեկնել Լեռնային Ղարաբաղ։
ՌՀՄ–ի աղբյուրն ընդգծել է, որ «այսպիսի այցերը խորհրդանշական են Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ Հաղթանակի 70–ամյակի հոբելյանական տարում»։
«Նրանք («Գիշերային գայլերը» – «Նովոստի–Արմենիա») գնում են տեսարժան վայրերին, մշակույթին և հնագույն Հայաստանի պատմությանը ծանոթանալու նպատակով, միաժամանակ կայցելեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որպեսզի իրենց աչքով տեսնեն, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, շփվեն բնակչության հետ, համոզվեն, որ Արցախում ապրում են մարդիկ, ովքեր խաղաղություն և համաձայնություն են ցանկանում իրենց հարևանների հետ»,– նշել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի` «Գիշերային գայլերի» ներկայացուցիչները գիտեն, որ ԼՂՀ այցելելու դեպքում իրենք կարող են հայտնվել Ադրբեջանի ԱԳՆ–ի «սև ցուցակում», բայց հանգիստ են վերաբերվում դրան, քանի որ Ռուսաստանի, այլ ոչ Ադրբեջանի իրավասության ներքո են, իսկ Ռուսաստանի Դաշնության օրենքներով չի արգելվում այցելել ԼՂՀ։
Ավելին, Ռուսաստանը միջնորդ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և համակողմանի օժանդակություն է ցուցաբերում փոխգործակցությանը ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքացիական մակարդակով։
Աղբյուրը հայտնել է նաև, որ «Գիշերային գայլեր» շարժման առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովը` Խիրուրգ մականունով, հնարավոր է` այս անգամ չկարողանա այցելել Հայաստան։
ՌՀՄ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ «Գիշերային գայլերը» ռուսական հասարակական կազմակերպություն է քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, և ՌՀՄ–ն փոխգործակցում է նրանց հետ այնպես, ինչպես ՌԴ մյուս հասարականան կազմակերպությունների հետ։
«Տարբեր ժամանակ, ՌԴ տարբեր մարզերում նրանք բազմիցս օգնել են ազգամիջյան հակամարտությունների կանխարգելման գործում»,– նշել են ՌՀՄ–ից։
-0-

