ՀՀ–ում Իրանի դեսպան. Իսրայելը փորձում է խանգարել ԱՄՆ–ին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործում
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելը շուրջ 20 մլն դոլար է ծախսել, որպեսզի ԱՄՆ–ի Կոնգրեսին համոզի, որ դեմ քվեարկի Իրանի պատժամիջոցները չեղյալ հայտարարելու առաջարկին, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին։
ԱՄՆ–ի Կոնգրեսը 60 օրվա ընթացքում (սկսած հուլիսի 20-ից) պետք է իր դիրքորոշումը հայտնի Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերաբերյալ։ Չհամաձայնվելու դեպքում ԱՄՆ–ի նախագահը վետո կդնի կոնգրեսի որոշման վրա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի սենատի և ներկայացուցիչների պալատի ձայների երկու երրորդը։ Այդ դեպքում կոնգրեսը փաստորեն արգելափակում է ԱՄՆ–ի համաձայնագրի կատարումը, ինչը հարցականի տակ կդնի միջազգային հանրության և Իրանի պայմանավորվածությունները։
«Իսրայելական ռեժիմը 35 տարի աշխարհին սուտ տեղեկատվություն է ներկայացնում և Իրանը աշխարհին ներկայացնում որպես վտանգ ներկայացնող երկիր։ Սակայն միջազգային հանրությունը հասկացել է, որ հենց Իսրայելն է վտանգ ներկայացնում Մերձավոր արևելքում։ Այդ պետությունը գոյություն ունի արդեն 65 տարի, և այդ ընթացքում 5 մլն պաղեստինցի փախստական են դարձել։ Հիմա ո՞րն է աշխարհի համար ավելի վտանգավոր», – հայտնեց Ռեիսին։
Նրա խոսքով` Իրանին երկար տարիներ փորձում են ծնկի բերել, մինչ օրս կիրառվում են տարբեր տեսակի պատժամիջոցներ։
«Սակայն Իրանի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով։ Իրանի ժողովուրդը 35 տարիների ընթացքում ապացուցել է, որ բանակցությունների և գիտակցության կողմնակից է», – նշեց Ռեիսին։
Երկուշաբթի ՄԱԿ–ի ԱԽ–ն բանաձև է ընդունել, որն Իրանի միջուկային ծրագիրը կդնի միջազգային վերահսկման տակ, թույլ կտա համոզվել, որ այն խաղաղ բնույթ ունի և իսլամական հանրապետությանը թույլ չի տա միջուկային զենք ստեղծել։ Փաստաթուղթը ԱՄՆ–ի ԱԽ–ի պատվիրակության քննարկման է ներկայացվել և հիմնված էր Իրանի և «վեցյակի» պայմանավորվածությունների վրա (ՄԱԿ–ի ԱԽ–ի հինգ մշտական անդամների և Գերմանիայի), որոնք հաստատվել են հուլիսի 14-ին Վիեննայում համարյա 20 ամիս տևած բանակցությունների արդյունքում։

