Հայաստանում Գերմանիայի նոր դեսպանն առավելագույն ջանքերը կներդնի հայ-գերմանական բազմոլորտ համագործակցության առավել սերտացման համար
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանը վստահեցրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-գերմանական բազմոլորտ համագործակցության առավել սերտացման նպատակով։ Ինչպես հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, այդ մասին նա ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնելու ժամանակ։
Նալբանդյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման ընթացքում։
Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Քիեսլերն իր գործունեությամբ կնպաստի հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Զրուցակիցները կարևորեցին բարձր մակարդակով փոխայցելությունները, շուրջ 60 երկկողմ փաստաթղթեր ներառող իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը։ Անդրադարձ կատարվեց երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցությանը: Կարևորվեց միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումը:
Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Հայաստանին անկախությունից ի վեր Գերմանիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող միջոցառումները, նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ապրիլի 23-ին ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց հաջորդ տարի Գերմանիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնմանը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։
Դեսպան Քիեսլերի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, դրա խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ -0-

