ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը միջնորդների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը

14.07.2015, 10:34
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը երկուշաբթի Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիյոյի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի` Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը միջնորդների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը երկուշաբթի Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիյոյի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի` Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:

«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցեր»,- նշվում է ռուսական ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-