Պեսկով. ՌԴ-ն Հայաստանին ցանկանում է հանդարտություն, բարգավաճում և իրավիճակի շուտափույթ կարգավորում
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ–ն Հայաստանին հանդարտություն, բարգավաճում և տարաձայնությունների շուտափույթ կարգավորում է ցանկանում։
«Մենք հուսով ենք, որ կգտնվեն բոլոր հարցերի պատասխանները Հայաստանի գործող օրենսդրությանը խիստ համապատասխանությամբ։ Հայաստանին ցանկանում ենք հանդարտություն, բարգավաճում և առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորում»,– ասաց Պեսկովը լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա ավելացրեց, որ ՌԴ–ն և Հայաստանը գործընկերային սերտ հարաբերություններ ունեն, և «կապերը կլինեն մշտապես»։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Նրանք ցանկանում են չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը։
Երևանում բողոքի ակցիան սկսվել է նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում և երկուշաբթի երեկոյան վերածվել է երթի դեպի նախագահի նստավայր։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրել են ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Երևանի փոխոստիկանապետը հայտնել է, որ ակցիայի` բերման ենթարկված բոլոր մասնակիցներն ազատ են արձակվել։ -0-

