Ոստիկանությունը կփոխհատուցի Երևանում ցույցը ցրելու ժամանակ լրագրողներին հասցված նյութական վնասը
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը կփոխհատուցի Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիան ցրելու ժամանակ լրագրողներին հասցված նյութական վնասը, Գյումրիի «Gala TV»–ին է ասել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Երեքշաբթի լուսաբացին ոստիկանները ցրել են Բաղրամյանի պողոտան փակած և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներին։ Նախնական տվյալների համաձայն` ոստիկանական բաժիններ է տեղափոխվել մոտ 240 մարդ, երկու կողմերից կան տուժածներ։
Ոստիկանության տարբեր բաժանմունքներ են տեղափոխվել «Գալա» հեռուստաընկերության, «Ազատություն ռադիոկայանի» հայկական ծառայության, «Հայկական ժամանակ» թերթի, «HETQ»–ի, news.am–ի, panarmenian.net–ի, Epress.am–ի, 1in.am–ի և Armtimes.com–ի լրագրողները։ Կոտրվել են որոշ լրագրողների ֆոտոխցիկներն ու տեսախցիկները։
Խոսելով իր ստորադասների գործողությունների մասին` Գասպարյանը նշել է, որ ոստիկանությունը երկար ժամանակ հանդուրժողականություն էր դրսևորում, սակայն մայրաքաղաքի կենտրոնական պողոտան երկար ժամանակ արգելափակված թողնելը նշանակում էր խախտել մյուս քաղաքացիների իրավունքները։
«Եթե ինչ–որ մեկը ցանկանում է օրինականություն սահմանել, ապա դա չի կարելի անել անօրինական միջոցներով», – նշել է ոստիկանապետը։
Գասպարյանը ներողություն է խնդրել լրագրողներից նրանց նկատմամբ ուժ գործադրելու համար` նշելով, որ ծառայողական քննությունը կարճ ժամկետներում կպարզի միջադեպի հանգամանքները։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, 25 մարդ դիմել է բժշկական օգնության։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–

