Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ–ի համար. Դաշինքի ներկայացուցիչ

11.06.2015, 18:55
Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ–ի համար, հինգշաբթի Երևանում ասաց Հյուսիսատլանտյան դաշինքի հանրային դիվանագիտության հատվածի նախագահ Գերլինդա Նուսը «Հայաստան–ՆԱՏՕ հարաբերությունները նոր մարտահրավերների համատեքստում» համաժողովի ընթացքում։
Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ–ի համար. Դաշինքի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ–ի համար, հինգշաբթի Երևանում ասաց Հյուսիսատլանտյան դաշինքի հանրային դիվանագիտության հատվածի նախագահ Գերլինդա Նուսը «Հայաստան–ՆԱՏՕ հարաբերությունները նոր մարտահրավերների համատեքստում» համաժողովի ընթացքում։

«Մենք միասին սերտ գործակցել ենք ոչ միայն Կոսովոյի և Աֆղանստանի խաղաղարար օպերացիաների ժամանակ, այլ նաև անվտանգության, բարեփոխումների իրականացման ոլորտում։ Մեր գործակցությունը երկարաժամկետ է, և հույս ունենք, որ նոր հաջողությունների կհասնենք»,– ասաց Նեուսը։

Նա նշեց նաև, որ հիմնական ուշադրությունը Վարշավայում ՆԱՏՕ–ի կայանալիք գագաթնաժողովում կհրավիրվի Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և Ուկրաինայի իրավիճակից բխող սպառնալիքների հետ կապված գործակցության հարցերին։

Գլոբալացման և տարածաշրջանային գործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իր հերթին նշեց, որ համաժողովի հիմնական նպատակը Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև հարաբերությունների ներկայիս վիճակի մասին հանրային իրազեկումն է։

«Բացի այդ, մենք ցանկանում ենք ներկայացնել ՆԱՏՕ–ի դիրքորոշումն աշխարհի մարտահրավերների վերաբերյալ։ Անհրաժեշտ է բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը միջազգային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ»,– ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա` Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև գործակցության մակարդակը բավականին կառուցողական մակարդակում է։

«ՆԱՏՕ–ի հետ պետք է աշխատել, գործակցել նրանց հետ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, սահմանափակում է ռազմական ոլորտում հարաբերությունների խորացման հնարավորությունը։ Բայց այն, որ ՆԱՏՕ–ի հետ գործակցությունը մեր անվտանգության ապահովման գործում լրացուցիչ գործոն է, կասկած չկա»,– նշեց Գրիգորյանը։

Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև գործակցությունը ներկայում կառուցվում է Հայաստան–ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրին (Individual Partnership Action Plan - IPAP) համապատասխան, որը ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին։ 

Հայաստանի մասնակցությունն IPAP–ին ենթադրում է ՆԱՏՕ–ի հետ տարածաշրջանային անվտանգության, այդ անվտանգության ռազմավարության մշակման, Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակման, պաշտպանական և բյուջետային ծրագրման և այլ հարցերի շուրջ պարբերաբար անցկացվող խորհրդատվություններ։

Բացի այդ, Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ–ի խաղաղապահ առաքելությունների Կոսովոյում և Աֆղանստանում։ -0-