Սոցինտերնի հանձնախումբն ուկրաինական և ղարաբաղյան հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ է արել
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Սոցինտերնի ԱՊՀ–ի, Կովկասի և Սև ծովի երկրների հանձնախումբն ուկրաինական և ղարաբաղյան հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ է արել։
Այդ մասին նշված է հանձնախմբի` Երևանում կայացած երկօրյա նիստի արդյունքում ընդունված արձանագրությունում։
«Մենք աշխատում ենք տարբեր երկրներում ժողովրդավարության կատարելագործման, իրավունքների ապահովման և քաղաքացիների ազատությունների ուղղությամբ։ Այնտեղ, որտեղ ժողովրդավարության պակաս կա, հակամարտություններ են ծագում։ Ստորագրված փաստաթղթում մենք անդրադառնում ենք երկու հակամարտությունների»,– լրագրողներին ասաց Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան։
Նրա խոսքով` Սոցինտերնը միակ քաղաքական ընտանիքն է, որի մեջ ընդգրկված են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ներկայացուցիչները, ինչը թույլ է տալիս երկխոսություն հաստատել։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին նշեց, որ Սոցինտերնի հանձնախումբը լավ հարթակ է բոլոր հարցերը բաց քննարկելու համար։
«Այստեղ ներկայացված են ուժեր, որոնք այլ հարթակ չունեն հանապազօրյա հարցերի քննարկման համար»,– ասաց Ռուստամյանը։
Սոցինտերնի ԱՊՀ–ի, Կովկասի և Սև ծովի երկրների հանձնախմբի ժողովին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսը, Մոլդովայի, Բուլղարիայի և Ղրղըզստանի սոցիալիստական և սոցիալ–դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները։
Ժողովի օրակարգում ներառված են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, տարածաշրջանային ժողովրդավարական կառույցների զարգացման և ամրապնդման հետ կապված հարցեր։
Սոցինտերն (Սոցիալիստական ինտերնացիոնալ) միջազգային կազմակերպությունը համախմբում է բոլոր մայրցամաքներում գործող 170 սոցիալ–դեմոկրատական, սոցիալիստական և աշխատանքային կուսակցությունների և կազմակերպությունների։–0–

