Հայաստանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում, «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է քաղաքագետ Արեգ Գալստյանը։
«Իհարկե, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` ԱՄՆ կատարած այցը լուրջ նշանակություն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական իմաստով։ Բանն այն է, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ–ի անդամ և Ռուսաստանի ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակից` բավականին խորը քաղաքական երկխոսություն է ծավալում նաև աշխարհի այլ երկրների հետ»,– նշել է Գալստյանը։
Ըստ նրա, դրանք ոչ միայն արևմտյան երկրներն են, այլ նաև Իրանը և Չինաստանը, որոնց հետ առկա է սերտ համագործակցություն և քաղաքական երկխոսության ծավալում։
«Այս իմաստով Հայաստանը շարունակում է ավանդական հավասարակշռված քաղաքականություն վարել` ելնելով տնտեսական այն իրավիճակիվ, որում նա գտնվում է»,– նշել է Գալստյանը։
Փորձագետն ավելացրել է, որ Լեռնային Ղարբաղի հակամարտության առկայությունը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակումը, ստիպում են Հայաստանին օժանդակություն գտնել ուժի տարբեր կենտրոններից։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7–ն աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ։ Պետության ղեկավարը Վաշինգտոնում հանդիպել է Սենատի հանրապետական և դեմոկրատական մեծամասնության ղեկավարների հետ, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ մասնակցել էկումենիկ աղոթքի, որն անցկացվել է Վաշինգտոնի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ:
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը 2014 թ.–ի մայիսին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հունվարի 2–ին ԵՏՄ–ին է միացել Հայաստանը, մայիսին սպասվում է Ղրղըզստանի անդամակցությունը։ ԵՏՄ–ի ստեղծումը մինչև այժմ գոյություն ունեցող Մաքսային միության մասնակից–երկրներին հանում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով` ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։–0–

