Ղարաբաղում նշվում է Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի օրը, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 23–ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ–ում մայիսի 9–ին եռատոն է` Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70–ամյակը, ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 23–ամյակը։
Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, տոնակատարությունները մեկնարկեցին Ստեփանակերտի կենտրոնական և մարզկենտրոնների փողոցներով զինվորական շարասյուների հանդիսավոր քայլերթով։
Օրվա առաջին կեսին Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը, որը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները, ՀՀ երկրորդ և ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարային կազմը, մտավորականներ, պետական հաստատությունների, ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների կոլեկտիվներ, սփյուռքից ժամանած բազմաթիվ հյուրեր այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր` հարգելով Հայրենական և Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակը։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նստավայրում նախօրեին տեղի է ունեցել մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն։ Նույն օրը տոնական միջոցառումներ են անցկացվել նաև Շուշիում։
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում տեղի կունենա «Հայրեր, որդիներ» ֆոտոցուցահադնեսի բացումը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա ԼՂՀ ՊԲ հետախուզական ստորաբաժանումների պարապմունքների, սպառազինության, ռազմական տեխնիկայի ցուցադրումը։
Երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն։ Ստեփանակերտի, հանրապետության մյուս քաղաքների այգիներում և պուրակներում կկազմակերպվեն համերգներ, մարզական մրցումներ և ժողովրդական տոնախմբություններ։
Մայիսի 10–ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ։–0–

