Հայաստանը պատրաստ է ընդունել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաներին և դպրոցականներին. վարչապետ

07.05.2015, 15:37
Հայաստանը պատրաստ է ընդունել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաներին և դպրոցականներին, հինգշաբթի կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հայաստանը պատրաստ է ընդունել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաներին և դպրոցականներին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պատրաստ է ընդունել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաներին և դպրոցականներին, հինգշաբթի կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նրա խոսքերով` Սիրիայի իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում:

Նա նշեց, որ, ցավոք, քիչ չեն նաև զոհերը խաղաղ բնակչության շրջանում:

Վարչապետն ընդգծեց, որ այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով եկել են Հայաստան։

Վարչապետը նշեց, որ օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել է Հալեպի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծությանը, որի հետևանքով, ցավոք, հայեր էին տուժել։

«Այդ ժամանակ ահազանգ էր հնչել երեխաներին ու դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ իշխանությունները, կառավարությունը պատրաստ են պատշաճ ձևով ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար», – ասաց Աբրահամյանը։

ՀՀ վարչապետը հանձնարարեց նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին որպեսզի կառավարության հաջորդ նիստում հանգամանալից տեղեկություն ներկայացվի իրավիճակի և կառավարության հնարավոր աջակցության մասին։

Սիրիայի հայկական համայնքը սփյուռքի ամենահզոր կառույցներից է։ Մինչև վերջերս Սիրիայում բնակվում էր մոտ 100 հազար հայ։ Սակայն երկրում գրանցված լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով 2012 թ.–ից հայերը սկսեցին վերադառնալ պատմական հայրենիք։ –0–