Գերմանիային չեն վախեցնի Թուրքիայի սպառնալիքները. Մանոյան

29.04.2015, 16:46
Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում Թուրքիայի սպառնալիքներն ու ճնշումը չեն ազդի Գերմանիայի վրա, կարծում է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Գերմանիային չեն վախեցնի Թուրքիայի սպառնալիքները. Մանոյան

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում Թուրքիայի սպառնալիքներն ու ճնշումը չեն ազդի Գերմանիայի վրա, կարծում է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Կարծում եմ` Գերմանիայում այնպիսի մթնոլորտ է, որ («ցեղասպանություն» եզրույթով) բանաձևը կընդունվի։ Գերմանիայի քաղաքական կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները և հասարակությունը տրամադրված են, որ արդարությունը հաղթի»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Մանոյանը։

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23–ի իր ելույթում «ցեղասպանություն» որակեց 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի, ինչպես նաև այլ ազգերի ներկայացուցիչների դեմ կատարված հանցագործությունները։ Նա ընդգծեց, որ Գերմանիան նույնպես այդ չարագործությունների մասնակիցն է եղել։ Հաջորդ օրը Բունդեսթագում քննարկեցին Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի զանգվածային սպանություններին վերաբերող բանաձևի ընդունման հարցը։ Քննարկումների արդյունքում որոշվեց բանաձևի քննարկումը հետաձգել մինչև ապրիլի 30–ը։

Անկարայի պատասխան հայտարարությունը չուշացավ. Թուրքիան հայտարարեց, որ «Գերմանիայի թուրք հանրության հարյուր հազարավոր ներկայացուցիչները չեն լռելու Թուրքիայի ժողովրդին մեղադրելու այդ փորձին ի պատասխան, իսկ Թուրքիան երբեք չի ներելու նախագահ Գաուկին այդ հայտարարությունների համար»։

Մանոյանը նույնպես մեկնաբանեց Բունդեսթագում բանաձևի քննարկումների հետաձգումը։ «Այն, ինչ այժմ կատարվում է Գերմանիայում, արվում է այնպես, որ անհերքելի լինի։ Այսինքն` խորհրդարանում քննարկումների ընթացքում բոլոր կուսակցություններն իրենց ելույթներում ընդգծել են, որ կատարվածը պետք է ցեղասպանություն անվանել։ Այժմ սպասում են համապատասխան հանձնաժողովների քննարկումներին և եզրակացությունների։ Վստահ չեմ, որ ապրիլի 30–ին բոլոր հանձնաժողովները եզրակացություններ կներկայացնեն, բայց գործընթացը շարունակվում է»,– ասաց նա։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Ավստրիայի և Չիլիի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–