Մեդվեդևը հեռագիր է հղել ՀՀ վարչապետին

28.04.2015, 19:15
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ ՌԴ վարչապետը նշել է, որ մարդկության և քաղաքակրթության նկատմամբ կատարվող հանցագործություններին չի կարող արդարացում լինել։ Այս մասին հայտնում է ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունը։
Մեդվեդևը հեռագիր է հղել ՀՀ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ ՌԴ վարչապետը նշել է, որ մարդկության և քաղաքակրթության նկատմամբ կատարվող հանցագործություններին չի կարող արդարացում լինել։ Այս մասին հայտնում է ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկի` Հայոց ցեղասպանության զոհերին։ Սգում ենք 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում զանգվածային ճնշումների հետևանքով զոհված մարդկանց հիշատակը։ Մարդկության և քաղաքակրթության նկատմամբ կատարվող հանցագործություններին չկա և չի կարող արդարացում լինել»,– նշվում է Մեդվեդևի ուղերձում։

ՌԴ վարչապետը նաև նշել է, որ յուրաքանչյուր մարդ պետք է հոգատարությամբ պահպանի այս սարսափելի ողբերգության ճշմարտությունը և անի ամեն ինչ, որպեսզի անցյալի սարսափները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն։ Երևանում վերջերս կազմակերպված սգո միջոցառումները, Մեդվեդևի խոսքով, կրկին ընդգծեցին «այդ պատմական դասերի» նշանակությունը։

«ՌԴ կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ և եղբայրական Հայաստանի քաղաքացիներին կարեկցանքի խոսք եմ փոխանցում։ Մենք վշտակցում ենք ձեզ։ Թո′ղ միշտ վառ մնա զոհվածների հիշատակը։ Թո′ղ ապագա սերունդները միշտ ապրեն խաղաղության և համերաշխության պայմաններում»,– նշվում է ՌԴ վարչապետի ուղերձում։ –0–