Կրաշեննիկովա. Հայոց ցեղասպանությունը մեծ ողբերգություն է, և Ռուսաստանն այսօր կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին

23.04.2015, 20:42
Հայոց ցեղասպանությունը մեծ ողբերգություն է, և Ռուսաստանն այսօր կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՌԴ Հասարակական պալատի անդամ, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ միջազգային լրագրության և հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վերոնիկա Կրաշեննիկովան։
Կրաշեննիկովա. Հայոց ցեղասպանությունը մեծ ողբերգություն է, և Ռուսաստանն այսօր կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանությունը մեծ ողբերգություն է, և Ռուսաստանն այսօր կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՌԴ Հասարակական պալատի անդամ, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ միջազգային լրագրության և հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վերոնիկա Կրաշեննիկովան։

«Հայոց ցեղասպանությունը մեծ ողբերգություն է, որի հետևանքով զոհվել է մոտ 1.5 մլն մարդ` կանայք, երեխաներ և ծերեր։ Հայոց ցեղասպանությունը 20–րդ դարի առաջին որակված ցեղասպանությունն է։ Ոչնչացվել է ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգությունը Հայրենիքում։ Դա հարված էր ոչ միայն երկրի հնագույն էթնոսներից մեկին, այլ նաև այն ժողովրդին, որը մեծ մշակույթ էր ստեղծում ցանկացած երկրում, որտեղ ապրում էր»,– նշեց Կրաշեննիկովան։

«Դա Ռուսաստանի մտերիմ և եղբայրական հայ ժողովրդի ողբերգությունն է։ Այդ ժողովուրդը պատմության ընթացքում իրեն դրսևորել է իր ակնառու  ձեռքբերումներով շատ բնագավառներում։ Այս օրը Ռուսաստանը և ռուսները կանգնած են Հայաստանի և հայերի կողքին»,– ավելացրեց նա։

ՌԴ հասարակական պալատի անդամի խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին միավորում է այն, որ նրանք սրբորեն հարգում են Հայրենական մեծ պատերազմում իրենց նախնիների հաղթանակի մասին հիշատակը։

«Հայաստանի համար հաղթանակը կարևոր է, քանի որ այդ պատերազմում հայերը, ռուսները, ուկրաինացիները և ԽՍՀՄ մյուս ժողովուրդները պայքարել են այն գաղափարախոսության դեմ, որի հետևորդները հենց իրականացրել են Ցեղասպանությունը։ Ցեղասպանության մասին հիշելը կարևոր է, որպեսզի նմանատիպ երևույթ չկրկնվի ո՛չ հայերի, ո՛չ աշխարհի որևէ այլ ժողովրդի դեմ»,– ասաց Կրաշեննիկովան։

Նա ավելացրեց, որ Հայաստանը ՌԴ ռազմավարական դաշնակիցն է, և դա վերաբերում է և մեր երկրների երկկողմ հարաբերություններին, և ԵՏՄ–ի, ՀԱՊԿ և ԱՊՀ անդամակցությանը։

Փորձագետն ընդգծեց նաև, որ Մոսկվան գնահատում է Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Երևանի դիրքորոշումը։

«Հայերի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության և համերաշխության պայմաններում` չիմանալով սարսափ, որին հանգեցնում են կրոնական թշնամանք, ագրեսիվ ազգայնամոլություն և այլատյացություն հրահրելը»,– ասաց Կրաշեննիկովան։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–