Ազնավուր. Թուրքերի համար Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համարձակություն ունենալու ժամանակը եկել է
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքերի համար Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համարձակություն ունենալու ժամանակը եկել է ։
«Թուրքերին պետք է ասել. «Ժամանակն է, որպեսզի դուք համարձակվեք ճշմարտությունն ասել։ Չի կարելի շարունակել մի կողմից` նրանց ատել, և մյուս կողմից` ստել, դելեգացիոնիստներին մեծ փողեր վճարել։ Դելեգացիոնիստները թանկ արժեն»։ Իհարկե, կան երեխաներ, որոնք Թուրքիայում չունեն միջոցներ դպրոց հաճախելու համար, և նրանք կուրախանային այդ գումարների համար, որպեսզի վճարեին իրենց ուսման դիմաց», – ասել է նա։
Ազնավուրը նաև նշել է, որ ապրիլի 24–ին ինքը կլինի Երևանում։
«Պետք է այնտեղ գնալ։ Չպետք է անտեսել այն, ինչ տեղի է ունեցել», – ընդգծել է նա։
Խոսելով իր ընտանիքի պատմության մասին` շանսոնյեն նշել է, որ իր մոր ամբողջ ընտանիքը սպանվել է, ամբողջովին անհետացել, և նրանց մասին ոչ ոք այլևս ոչինչ չի լսել։
«Ինչ վերաբերում է հորս ընտանիքին, ապա ես ճանաչել եմ իմ պապին և տատին, շատ ուշ եմ ծանոթացել տատիկիս հետ, քանի որ ծանոթացել եմ նրա հետ Հայաստանում, երբ 1963 թ.–ին առաջին անգամ այցելեցի Հայաստան», – ասել է Ազնավուրը։
Միաժամանակ շանսոնյեն նշել է, որ իր մայրն ատելություն չի տածել թուրքերի նկատմամբ, իր ընտանիքում չեն խոսել Ցեղասպանության մասին, այլ խոսել են իր մոր դժբախտության մասին։
«Նա մեզ ասում էր, որ կան թուրքեր, և նրանց շրջանում ևս շատ լավ մարդիկ կան։ Մենք ատելություն չենք ունեցել։ Ինձ սովորեցրել են, որ չի կարելի ստել, ատել և ուրիշների մասին վատը խոսել։ Դա կարևոր է», – ասել է Ազնավուրը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու թուրքերը մինչև հիմա չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, երգիչը նշել է, որ դա երկու պատճառ ունի։
«Առաջինը, ինչում ես համոզված եմ, այն է, որ թուրքերի մոտ գլխավոր բառը «պատիվն» է։ Այսինքն իրենց համար, իրենց պատվի նկատմամբ նրանք չեն կարող թույլ տալ ընդունել դա որպես փաստ։ Դա դեռ կարելի է ինչ–որ տեղ հասկանալ։ Սակայն կա նաև մեկ այլ բան. մարդիկ շատ են հարստացել հայերին պատկանող ունեցվածքի հաշվին, և նրանցից ոմանք հետագայում հայտնվել են կառավարության կազմում։ Այսօր նրանք այլևս կառավարության կազմում չեն, սակայն այն ժամանակ նրանք կառավարությունում էին։ Շատ դժվար է ընդունել այդ ամենը։ Հասկանում եմ նրանց դիրքորոշումը, սակայն ընդունել այն չեմ կարող», – ասել է Ազնավուրը։
Հռոմի Պապի ելույթի համատեքստում Ազնավուրը նշել է, որ Հռոմի Պապն այն հազվագյուտ մարդկանցից է, ովքեր առանց վախենալու ասում են ճշմարտությունն ու աջակցում այն, անկախ այն բանից, թե ինչ են խոսում, անկախ ամեն ինչից։ «Կարելի է ասել` առանց վախի և կշտամբանքի», – ավելացրել է նա։
Մայիսի 12–ին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Պապի Հայտարարությունն անվանել է` անտեղի։
Մի քանի օր անց` ապրիլի 15–ին, Եվրոպական խորհրդարանը Ցեղասպանության մասին բանաձև ընդունեց։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–

