Նիդեռլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին որոշում է ընդունել
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 9-ին Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է որոշում, որով կարևորվում է Թուրքիայի և Հայաստանի կողմից իրենց պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Որոշումն ընդունվել է 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ:
Որոշման մեջ նշված է, որ Ներկայացուցիչների պալատը համոզմունք է հայտնում, որ փոխադարձ ըմբռնման հասնելը 1915 թվականի վերաբերյալ անհրաժեշտ է երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթացի համար, հույս է հայտնում առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները Նիդեռլանդներում և այլուր իրենց ներդրումը կբերեն ներգրավված համայնքների միջև հարգանքի ու միմյանց ընդունման ձևավորմանը։
Որոշման համաձայն` հանձնարարվում է կառավարությանը 2004թ. կոնսենսուսով ընդունված Ռաուֆուտի որոշմանը համահունչ, երկկողմանիորեն և ԵՄ համատեքստում շարունակել կոչ անել Թուրքիայի կառավարությանը նոր խթան հաղորդել Հայաստանի հետ մերձեցմանը և հաշտեցման եզրեր փնտրել Հայաստանի կառավարության հետ:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

