Ալեքսանդր Բոժկո. Կանեմ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ուկրաինայի առաջին արտակարգ և լիազոր դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն շաբաթ օրը Երևանում կայացած Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU) 88-րդ ընդհանուր ժողովի ընթացքում հայտարարեց, որ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան ճանաչի և դատապարտի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
Միջոցառման ընթացքում ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպանն արժանացել է AGBU-ի «Կարպիս Փափազյան» մրցանակի, որը հանձնվում է օտարերկրացիներին հայագիտության գործում ունեցած ծանրակշիռ ներդրման համար:
«Ինձ համար հատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ մրցանակը հանձնվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Ուզում եմ հայտարարել, որ կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի իմ երկիրը ճանաչի և դատապարտի մարդկության դեմ կատարված այդ սարսափելի հանցագործությունը», - հայտարարեց Բոժկոն:
Միաժամանակ նա նշեց, որ կշարունակի իր գործունեությունը հայագիտության ոլորտում:
Բոժկոն դարձել է «Կարպիս Փափազյան» մրցանակի 27-րդ դափնեկիրը:
AGBU-ի 88-րդ ընդհանուր ժողովին մասնակցել են ավելի քան 150 պատվիրակներ ողջ աշխարհից: Ժողովի շրջանակներում ապրիլի 1-3-ը տեղի են ունեցել քննարկումներ հետևյալ թեմաներով` «Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում», «Հայկական պետականության կերտման մարտահրավերները», «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում»:
Հայ ընդհանուր բարեգործական միությունը հայկական խոշորագույն բարեգործական կազմակերպություններից է: Այն հիմնադրվել է 1906 թ.-ին Կահիրեում` պետական և քաղաքական գործիչ Պողոս Նուբարի նախաձեռնությամբ:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

