ՌԴ–ն կոչ է անում Սաուդյան Արաբիային դադարեցնել ռազմական գործողությունները Եմենում. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ն կոչ է անում Սաուդյան Արաբիային դադարեցնել ռազմական գործողությունները Եմենում և ընդգծում է, որ հարկավոր է երկրում ծագած ներքին ճգնաժամը լուծել խաղաղ միջոցներով։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի` Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Մոսկվայում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Աբդուրահման Ար–Ռասսիի հետ հանդիպման ժամանակ։
Միջազգային կոալիցիան` Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների, ինչպես նաև Եգիպտոսի, Հորդանանի և Սուդանի մասնակցությամբ, Եմենում ռազմական օպերացիա է իրականացնում «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժման կողմնակիցների դեմ, որոնք վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը, այդ թվում`մայրաքաղաք Սանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը` շեշտադրելով Եմենի Հանրապետությունում տիրող վիճակը։ Միաժամանակ ռուսական կողմը նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն ու Եմենի ներքին հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով` ազգային երկխոսության ճանապարհով», – նշվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։–0–

