Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք «Եվրանեսթ» ԽՎ–ի նիստին

25.02.2015, 16:32
Ադրբեջանի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել «Եվրանեսթ» ԽՎ–ի չորրորդ լիագումար նիստի աշխատանքին, որը տեղի կունենա 2015 թ.–ի մարտին Երևանում, տեղեկացրեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել  Երևանում կայանալիք «Եվրանեսթ» ԽՎ–ի նիստին

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել «Եվրանեսթ» ԽՎ–ի չորրորդ լիագումար նիստի աշխատանքին, որը տեղի կունենա 2015 թ.–ի մարտին Երևանում, տեղեկացրեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

«Նիստը դրանից չի տուժի, քանի որ քաղաքական օրակարգն իր կարևորությամբ թույլ կտա պատվիրակություններին ակտիվ մասնակցել նիստին։ Հայաստանը «Եվրանեսթ» ԽՎ–ի նիստից ակնկալում է «Արևելյան գործընկերության» շրջանակում համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի ակտիվացում», –ասաց Զախարյանը «ԵՄ–Հայաստան համագործակցության հեռանկարները ներկա քաղաքական համատեքստում» թեմայով համաժողովի ընթացքում։ Զաքարյանը նաև կարծում է, որ Բաքուն կարող է փոխել իր որոշումը։

«Եվրանեսթ» ԽՎ–ի չորրորդ լիագումար նիստն առաջին անգամ կանցկացվի Երևանում 2015 թ.–ի մարտի 16–18–ը։ Նիստի օրակարգը ներառում է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների չորս հիմնական զեկույցներ, որոնք վերաբերում են «Եվրոպական հարևանության» և «Արևելյան գործընկերության» քաղաքականության շրջանակում 2014–2020 թթ.–ի համագործակցության, հեռահաղորդակցությունների, մշակութային երկխոսության, էներգետիկ անվտանգության, այդ թվում էներգիայի այլընտրանքային աղբյուրների հարցերին։

Զաքարյանի խոսքերով` նիստին կմասնակցեն նաև հասարակական հարթակների ներկայացուցիչները։

«Մարտի 16–ին տեղի կունենա «Եվրանեսթի» ընդլայնված հանդիպումը` հասարակական հարթակների մասնակցությամբ։ ԵՄ–ն արդեն հաստատել է «Եվրանեսթի» աշխատանքում Հայաստանի ինը ազգային հարթակների ներկայացուցիչների մասնակցությունը», – ասաց Զաքարյանը։

«Եվրանեսթը», որտեղ ներկայացված են Եվրախորհրդարանի և ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների խորհրդարանների պատգամավորները (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) «Արևելյան գործընկերության» խորհրդարանական բաղկացուցիչն է։

«Արևելյան գործընկերության» նախաձեռնության հեղինակները Լեհաստանն ու Շվեդիան են, այն հաստատվել է 2008 թ.–ի Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, պաշտոնապես հիմնադրվել է 2009 թ.–ի մայիսին Պրահայում։

Ծրագրի նպատակն է մերձեցնել ԵՄ–ն Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ առանց ԵՄ կազմում այդ երկրները ներառելու։ Ծրագիրը նախատեսում է քաղաքական փոխգործակցության մակարդակի էական բարձրացում, ԵՄ տնտեսության մեջ նախկին խորհրդային հանրապետությունների լայն ինտեգրում, նրանց տրամադրվող ֆինանսական օգնության ծավալների ավելացում և էներգետիկ անվտանգության ուժեղացում։–0–