Վրաստանի խորհրդարանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի այցելել է Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Ուսուպաշվիլին վրաց ժողովրդի անունից մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Ամեն ինչ պետք է անենք, որ ոչ միայն նման ողբերգությունները չկրկնվեն, այլև չլինեն պատերազմներ և աշխարհում տիրի խաղաղություն», – ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։
Նա նշել է, որ վրաց ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին։
Ուսուպաշվիլուն ուղեկցել են ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը և ՀՀ Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վոլոդյա Բադալյանը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին նախօրեին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի` Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

