Ծառուկյանը 100 հազար դոլար է խոստացել նրա գլխավորած կուսակցության քաղխորհրդի անդամին ծեծի ենթարկած անձանց մասին տեղեկություն հայտնողին
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 100 հազար դոլար է խոստացել նրան, ով արժեքավոր տեղեկություն կտրամադրի ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման կատարողների և կազմակերպիչների մասին, հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
«Կասեցում» շարժումը պայքարում է փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների համար պարտադիր փաստաթղթաշրջանառության ներդրումը նախատեսող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դրույթները չեղյալ հայտարարելու համար։ Շարժման մասնակիցները մի շարք ակցիաներ են անցկացրել կառավարության շենքերի և նախագահի նստավայրի մոտ։ բողոքի ալիքի արդյունքում կառավարությունը որոշել է օրենքի դրույթների գործողությունը հետաձգել մինչև 2015 թվականի հուլիսը։
Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդմամբ, Արտակ Խաչատրյանը առևանգվել և ծեծի է ենթարկվել փետրվարի 7–ին։ Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 131–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետով (մարդուն առևանգելը, կատարած մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ)։
Տոնոյանը նշել է նաև, որ ԲՀԿ–ի առաջնորդը հինգշաբթի հանդիպել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, հետաքրքրվել հանցագործության քննության ընթացքով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ–ն 2007–2012թթ.–ին ներառվել է իշխող կոալիցիայի կազմում։ Հիմա այն հանդես է գալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ։–0–

