Գալիպոլիի ճակատամարտն ապրիլի 24–ին նշելու որոշումը Թուրքիայի համար բացասական էֆեկտ ունեցավ. փորձագետ

30.01.2015, 16:00
Գալիպոլիի ճակատամարտն ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշելու որոշումը Թուրքիայի համար բացասական էֆեկտ ունեցավ, ուրբաթ լրագրողներին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։  
Գալիպոլիի ճակատամարտն ապրիլի 24–ին նշելու որոշումը Թուրքիայի համար բացասական էֆեկտ ունեցավ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գալիպոլիի ճակատամարտն ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշելու որոշումը Թուրքիայի համար բացասական էֆեկտ ունեցավ, ուրբաթ լրագրողներին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը։ 

Ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ Էրդողանը հրավիրել է Սարգսյանին ապրիլի 23–24–ը մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին։ Նախորդ շաբաթ Սարգսյանը պատասխանել էր այդ հրավերին` ընդգծելով, որ այն համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ է հետապնդում։

«Ապրիլի 24–ին միջոցառումներ անցկացնելու և այլ երկրների առաջնորդներին հրավիրելու որոշումն ի սկզբանե հենց նրանց շատ խելացի քայլ էր թվում, բայց ժամանակը ցույց տվեց, որ դա այդպես չէ»,– ասաց Բեքարյանը։

Բեքարյանի խոսքով, եթե հետևենք միջազգային տեղեկատվական հոսքերին, այդ թվում` հրապարակված հոդվածներին, արձագանքներին, մեկնաբանություններին, քաղաքագետների և վերլուծաբանների քննարկումներին, ապա կարելի է նկատել, որ Թուրքիայի այդ քայլն անհաջող էր։

«Բավական է նայել միջազգային մամուլի արձագանքներին, և հասկանալի է դառնում, որ Թուրքիային չհաջողվեց թաքցնել այդ քայլի ցինիզմը, ավելին, այն բացասական էֆեկտ ունեցավ»,– ասաց Բեքարյանը։

Ըստ նրա` այժմ դա հասկանում են նաև իրենք` թուրքերը, բայց պետք է հիշել, որ Ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումների գագաթնակետը կլինի ապրիլին, և Թուրքիայի հիմնական քայլերին պետք է սպասել հենց այդ ժամանակ։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-