Էրդողանին Սարգսյանի պատասխան նամակին պետք է կոնկրետ քայլեր հետևեն. թուրքագետ

20.01.2015, 15:44
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայկական պետության առաջնորդ Սերժ Սարգսյանի պատասխան նամակին պետք է կոնկրետ քայլեր հետևեն, կարծում է քաղաքագետ Գևորգ Պետրոսյանը։
Էրդողանին Սարգսյանի պատասխան նամակին պետք է կոնկրետ քայլեր հետևեն. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայկական պետության առաջնորդ Սերժ Սարգսյանի պատասխան նամակին պետք է կոնկրետ քայլեր հետևեն, կարծում է քաղաքագետ Գևորգ Պետրոսյանը։

Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Էրդողանը Սարգսյանին հրավիրել է Գալիպոլիի ճակատամարտի 100–ամյակի տոնակատարություններին` ապրիլի 23-24–ին։ Նախորդ շաբաթ Սարգսյանը պատասխանել էր այդ հրավերին` ընդգծելով, որ դա նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից։

«Ես բավարարված եմ Հայաստանի նախագահի պատասխանով։ Այն հստակ էր, պարզ և ճիշտ, իսկ հետագայում անհրաժեշտ են նույնքան հստակ և կոնկրետ քայլեր»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Պետրոսյանը։

«Մենք պետք է ակտիվացնենք մեր քայլերն իրավական դաշտում հարցը լուծելու ուղղությամբ։ Նաև պետք է ակտիվ աշխատանքներ կատարենց հենց թուրքական հասարակության հետ, ինչի համար կան համապատասխան ռեսուրսներ»,– նշեց նա։

Պետրոսյանն ընդգծեց, որ թուրքական հասարակայնությունն այդքան էլ գոհ չէ Էրդողանի այդ քայլից, իսկ ազատական ԶԼՄ–ներն այն բնութագրում են որպես մի քայլ հետ այն ցավակցությունների համեմատ, որ ուղղել էր Էրդողանը հայ ժողովրդին 2014 թվականի ապրիլի 23–ին։

Փորձագետը միաժամանակ ընդգծեց, որ 2015 թվականի ընթացքում Անկարան կշարունակի նմանատիպ քայլեր ձեռնարկել, որոնց նպատակը միջազգային հանրության ուշադրությունը շեղելն է։ Նա չբացառեց, որ այդպիսի քայլերից մեկը կարող է դառնալ հայ–թուրքական սահմանի մի մասի սիմվոլիկ բացումը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2010 թվականի ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:-0-