Դիվերսանտների գործով դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 29-ին

20.12.2014, 16:22
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացված դիվերսիայի երկու մեղադրյալների` Շահբազ Ղուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավճիռները կհրապարակվեն դեկտեմբերի 29–ին, հաղորդում է artsakhpress.am–ը։
Դիվերսանտների գործով դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 29-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացված դիվերսիայի երկու մեղադրյալների` Շահբազ Ղուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավճիռները կհրապարակվեն դեկտեմբերի 29–ին, հաղորդում է artsakhpress.am–ը։

Ղուլիևի և Ասկերովի գործով դատավարությունն անցկացվում է Ստեփանակերտում։ Օրվա առաջին կեսին տեղի ունեցած դատական նիստում դատախազ Կարեն Գաբրիելյանն առաջարկել է ԼՂՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա։

Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է «ԼՂՀ պետական պահպանվող սահմանի հատումը կազմակերպված խմբի կողմից առանց փաստաթղթերի կամ առանց թույլտվության», «լրտեսություն», «հրազենի անօրինական կրելը», «մարդուն առևանգելը», «կողոպուտ», իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը մեղադրվում է նաև սպանության, մարդու առևանգման և փաստաթղթերի հափշտակման մեջ։

Նիստի ընթացքում Շահումյանի շրջանում սպանված անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանն իր ճառում նշել է, որ դատավարությունն անցել է օրենքի սահմաններում և հավուր պատշաճի, և ցանկանում է, որ ամեն մարդ իր արածի համար պատասխան տա օրենքի առաջ։

Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանը նշեց, որ իր պաշտպանյալը մեղավոր է մասնակիորեն` կոչ անելով դատարանին մեղմել պատիժը, քանի որ Ասկերովը չորս երեխա ունի։

Իսկ Ղուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի գիտակցել, թե իրականում ինչ նպատակով է հատել ԼՂՀ–ի պետական սահմանը։

Արցախի պաշտպանական գերատեսչությունը հուլիսի 10–ին հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանական կողմը Քարվաճառի ուղղությամբ հետախուզական–դիվերսիոն գործողությունների հերթական փորձ է ձեռնարկել։ Հուլիսի 14–ին հայտարարվել էր, որ Արցախի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումներն ավարտել են  ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման օպերացիան։ Օպերացիայի արդյունքում խմբի երկու անդամներ ձերբակալվել են, մեկը` ոչնչացվել։ Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ -0-