ԵՄ պատվիրակությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին` քննել քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիրների նկատմամբ իրականացված բռնության դեպքերը

16.12.2014, 21:02
ԵՄ պատվիրակությունը հայտնում է իր մտահոգությունը Երևանում վերջերս տեղի ունեցած դեպքերի՝ քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ և կոչ է անում Հայաստանի իշխանություններին hրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
ԵՄ պատվիրակությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին` քննել քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիրների նկատմամբ իրականացված բռնության դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ պատվիրակությունը հայտնում է իր մտահոգությունը Երևանում վերջերս տեղի ունեցած դեպքերի՝ քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ և կոչ է անում Հայաստանի իշխանություններին hրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահի տեղակալ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հինգշաբթի երեկոյան հարձակման է ենթարկվել Երևանում գտնվող իր տան մոտ։ Ինչպես երկուշաբթի հայտնել են ոստիկանությունից, օպերատիվ–հետախուզական միջոցառումների շնորհիվ հաստատվել է կասկածյալի անձը։ Ոստիկանության տվյալներով` դա 1973 թ.–ին ծնված Արշակ Սվազյանն է։

Ինչպես հաղորդում է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը, ԵՄ պատվիրակությունը ողջունում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, որում նա կոչ է անում իրականացնել դեպքերի արդյունավետ և անկախ քննություն։

«Օրենքի անարդյունավետ կիրարկման ընկալումն աճող մտահոգությունների տեղիք է տալիս Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների և միջազգային դիտորդների շրջանում և առաջ է քաշում Հայաստանում անպատժելիության մթնոլորտ զարգացնելու վտանգ», – նշվում է հայտարարության մեջ։

ԵՄ պատվիրակությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը մնում է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչը, ինչպես համաձայնեցվել է Վիլնյուսում 2013 թ.–ի նոյեմբերին։–0–