Նարիշկին. «Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը կամրապնդվի ԱՄՆ–ին ՆԱՏՕ–ից հեռացնելու դեպքում»

09.12.2014, 13:43
ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ–ին ՆԱՏՕ–ից հեռացնելու առաջարկում կատակի որոշակի մասնիկ կար, սակայն նման քայլը կամրապնդեր Եվրոպայի կայունությունն ու անվտանգությունը։
Նարիշկին. «Եվրոպական մայրցամաքի անվտանգությունը կամրապնդվի ԱՄՆ–ին ՆԱՏՕ–ից հեռացնելու դեպքում»

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ԱՄՆ–ին ՆԱՏՕ–ից հեռացնելու առաջարկում կատակի որոշակի մասնիկ կար, սակայն նման քայլը կամրապնդեր Եվրոպայի կայունությունն ու անվտանգությունը։

Նոյեմբերի վերջին Նարիշկինն առաջարկել էր հեռացնել ԱՄՆ–ին ՆԱՏՕ–ից, և այդ դեպքում Եվրոպայի կայունությունն ու անվտանգությունը, նրա խոսքով, զգալիորեն կլավանար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Երկու շաբաթ առաջ Եվրոպայում վստահության ճգնաժամի հարցերին նվիրված կլոր սեղանի շրջանակում ես կեսկատակ առաջարկեցի մեր եվրոպացի գործընկերներին հեռացնել ԱՄՆ–ին ՆԱՏՕ–ի դաշինքից։ Սակայն, ինչպես ասում են, յուրաքանչյուր կատակում միայն կեսն է կատակ։ Համոզված եմ, որ նման քայլը միայն կամրապնդեր եվրոպական մայրցամաքի կայունությունն ու անվտանգությունը», – լրագրողներին է ասել Նարիշկինը։

ՌԴ Պետդումայի խոսնակը հիշեցրել է, որ 20 տարի առաջ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը ՆԱՏՕ–ի ընդլայնման հարցերի մասին հայտարարություն էր ընդունել` արդեն այդ ժամանակ զգուշացնելով ողջ աշխարհին «Եվրոպայում նոր բաժանարար գծերի առաջացման վտանգի մասին»։ Այդ տարիների ընթացքում 12 երկրներ դաշինքի նոր անդամ դարձան, ավելացրել է նա։

«Եվ այդ դաշինքի ոգեշնչողները մշտապես ընդլայնում էին իրենց ազդեցության գոտին...Եվ հարց է առաջանում` ո՞վ է այսքան ժամանակ խախտել եվրոպական տարածքի միասնությունը` անտեսելով պատմական, մշակութային արժեքների և ավանդույթների ընդհանրությունը և մեր մայրցամաքի ժողովուրդների քաղաքակրթական մտերմությունը։ Դա անում էին նրանք, ովքեր այսօր փորձում են բոլոր չարիքները բարդել Ռուսաստանի վրա», – ընդգծել է Նարիշկինը։–0–