«Իսլամական պետությունը» վաղուց ստվերել է «Ալ Քաիդային». փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Իսլամական պետություն» խմբավորումը վաղուց արդեն ստվերել է «Ալ Քաիդային», երկուշաբթի «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի եթերում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
«Սա առաջին կառույցն է, որը իսլամական խալիֆայություն է հռչակել արաբական քաղաքակրթության բնօրրանում։ Այս պահին այն ամենահարուստ իսլամական կազմակերպությունն է, որն ունի զգալի ռեսուրսներ, էներգակիրներով հարուստ տարածքներ, զբաղվում է նավթի, գազի վաճառքով և այլն», – ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքերով` այս կազմակերպությունը ստեղծվել է քաոսային ձևով, չնայած շատ փորձագետներ կարծում են, որ դա սիրիական նախագիծ էր, որը ստեղծվել էր 90–ականների վերջում։ «Երբ 2003 թ.–ին ամերիկացիները մտան Իրաք, Սիրիայի ղեկավարությունը թույլատրում էր իր սահմանով իսլամիստներին ներթափանցել Իրաքի տարածք։ ԱՄՆ–ի Պետդեպարտամենտի 2007 թ.–ի զեկույցում նշվում է, որ զինված օտարերկրացիների մոտ 70–75 տոկոսը, ովքեր պատերազմել են Իրաքի տարածքում, եկել են Սիրիայից», – ընդգծեց արաբագետը։
Գրիգորյանի խոսքերով` երբ այդ կազմակերպությունը հաստատվեց Իրաքում, հասկանալի դարձավ, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակվելու է թեժանալ, քանի որ հենց «Իսլամական պետության» ամրապնդումից հետո Սիրիայի վիճակը կտրուկ փոխվեց։
«Ամենայն հավանականությամբ իսլամիստներն իրենք են ստեղծել «Իսլամական պետություն» կազմակերպությունը, սակայն տարածաշրջանի և արտաքին ուժերը փորձում են ուղղորդել այդ կառույցը, ինչն, ամենայն հավանականությամբ, նրանց չի հաջողվում։ Շատ դժվար է ասել, թե որ կողմին կհարի այդ անկանխատեսելի ուժը, ԻՊ–ն դեռ ղեկավարվում է արմատական իսլամական գաղափարներով, կարծում է, որ այն պետք է գոյություն ունենա և զարգանա այդ տարածքում», – ասաց Գրիգորյանը։
«Եթե 2000–ականներին Արևմուտքն իրականացնում էր «կառավարվող քաոսի» քաղաքականություն, ապա հիմա հարց է առաջանում` քաոս կա, սակայն ո՞վ է այն կառավարում։ Եթե ղեկավարվենք փաստերով, ապա պետք է փաստել, որ ձևավորվել է «Իսլամական պետություն» անվանումով կառույցը, և նա է ղեկավարում շատ գործընթացներ տարածաշրջանում», – նշեց Գրիգորյանը։
Արաբագետի խոսքերով` այս ամենը նրան վերածում է այն կազմակերպության, որի դեմ միջազգային հանրությունը պետք է պայքարի համատեղ ուժերով։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը «խալիֆայություն է» հռչակել այս տարվա ամռանը Սիրիայի և Իրաքի գրավված տարածքներում։ ԻՊ–ն առավել մեծ թափ է ստացել Սիրիայի տարածքում իրականացրած գործողությունների ժամանակ, որտեղ պատերազմել է կառավարական ուժերի դեմ և ամենադաժան կազմակերպություններից մեկի համբավ է ստացել։ Գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է մի քանի հազար խաղաղ բնակիչ, հարյուր հազարավոր մարդիկ դարձել են փախստականներ և ևս մի քանի հազարը գերության մեջ է հայտնվել։–0–

